+374 10 342710



Անպտղություն

Նյութի հեղինակ, բ.գ.դ., պրոֆեսոր մաշկաբան-վեներոլոգ՝ Կարեն Ռշտունու Բաբայան

Անպտղություն նշանակում է, որ կինը կամ տղամարդը ունակ չեն երեխա ունենալ: Ստորև Ձեզ ենք ներկայացնում անպտղությանը վերաբերող խնդիրները և դրանք հաղթահարելու հնարավոր լուծումները:

Անպտղությունը հիվանդություն չէ, գրում է լեհ նշանավոր սեքսոլոգ Մ.Վիսլոցկայան:  «...Դա անակնկալ տարերային աղետ է, որի համար հաճախ ոչ ոք մեղավոր չէ: Ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, ինչքան որպես ժանգ, հետզհետե ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգևում է ամուսիններին էրոտիկ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծությանը, նաև զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառը» :

Անպտուղ է այն ամուսնությունը, երբ հղիություն չի լինում համատեղ ամուսնական կյանքի մեկ տարվա ընթացքում: Նախկինում սերունդ չունենալու համար մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես մեղավոր են ինչպես կինը, այնպես էլ տղամարդը: Անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:

Տղամարդկանց ամլությունը լինում է առաջնային կամ երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմի (սպերմա) հիվանդագին փոփոխությունների հետ, պայմանավորված է սպերմատոզոիդների, ոչ բավարար քանակությամբ և շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, թունավորումները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց ամլության հաճախակի հանդիպող պատճառներից է գաղտնամորձությունը (կրիպտորխիզմ), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում և չեն իջնում ամորձապարկ:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորրբոքում), այդ թվում նաև խոզուկ, թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են՝ սուսանակ (գոնոռեա), տրիխոմոնիազ, խլամիդոզ:

Տարբեր են նաև կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջննային և երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպահպանված հարաբերություններ, այնուամենայնիվ չի հղիանում: Երկրորդայինը այն վիճակն է երբ կինն անպտուղ է դարձել վիժումից կամ  մի քանի հղիություններից հետո:

Առաջնային անպտղության առաջացման գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի ֆունկցիայի պակասը կամ բացակայությունը, նյարդահոգեկան խանգարումները, ներզատիչ գեղձերի հիվանդությունները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթներ, այդ թվում՝ զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլևս չեն կրճատվում, և արդյունքում դժվրանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ:

Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Բայց եթե արհեստական վիժումն անգամ չի առաջացրել բորբոքում, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային փուլի տևողությունը, ներզատիչ գեղձերի գործունեության մեջ աններդաշնակություն է առաջանում: Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից մեկն է և պահանջում է տևական և հետևողական բուժում: Կանանց մոտ անպտղության պատճառների բացահայտումը ավելի դժվար է, քան տղամարդկանց մոտ: Ցավոք անպտղության ոչ բոլոր դեպքերն են բուժվում: Սակայն չի կարելի շտապել և անզավակ ընտանիքին նախապես դժբախտ համարել, հարկավոր է բուժվել, երբեք չկորցնել առողջանալու հույսը: