+374 10 342710



Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնակա

 

 

 

Ս/թ հոկտեմբերի 22-ին Օպերա Սյուիթ հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում կայացավ ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական կոնֆերանսը:

Կոնֆերանսը բացեց ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ տնօրեն, կոնֆերանսի նախագահ դոց. Մ.Սահակյանը: Մասնակիցներին ողջունեց Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Ա.Մկրտիչյանը: Ելույթ ունեցան ՀՀ առողջապահության փոխնախարար Ս.Խաչատրյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը առողջապահական զարգացման գործում, իսկ ԵրՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գ.Ավետիսյանը, ողջունելով մասնակիցներին, շեշտեց երիտասարդների համար գիտական կոնֆերանսների կրթական դերը:

Կոնֆերանսին զեկույցներ  ներկայացրեցին առաջատար մասնագետներ, գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից:

Կոնֆերանսին քննարկվեցին տարաբնույթ թեմաներ: Պրոֆ. Գոմբերգը Ռուսաստանի Դաշնությունից ներկայացրեց Lege Artis պատրաստված դասախոսություն՝ սեռավարակների ազդեցությունը գեղանկարչության վրա: Թեման չափազանց հետաքրքիր էր, առաջացրեց բազմաթիվ հարցեր և քննարկումներ: Սեռավարակների դեմ պայքարի միջազգային միության եվրոպական մասնաճյուղի ղեկավար՝ պրոֆ. Այրի Պոդերը կիսվեց իրենց կազմակերպության կողմից նախատեսվող միջոցառումների վերջաբերյալ տեղեկություններով, ինչպես նաև արժեքավոր խորհուրդներ տվեց ՀՀ-ում մաշկավեներաբանության բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար: Մաշկաբանների համար նորություն  էր նաև մաշկի ուլտրաձայնային հետազոտման մասնագետ, բ.գ.թ. Ե.Պրիվալովայի երկու զեկույցները: Մաշկի ուլտրաձայնային հետազոտությունների դերը և նշանակությունը մաշկաբանության մեջ, կիրառությունը տարբեր իրավիճակներում: Վրացի գործընկերներ պրոֆ. Գալդավայի և պրոֆ. Կվլիվիձեյի կողմից նույնպես ներկայացվեցին բժշկագիտության նորություններով հագեցած հետաքրիր և գործնական մեծ նշանակություն ունեցող դասախոսություններ: Ուկրաինայի գլխավոր մաշկավեներաբան պրոֆ. Ա.Լիտուսի դասախոսությունը նվիրված էր աղետների ժամանակ մաշկաբանի գործունեությանը և հիմնական շեշտը դրված էր մաշկային հիվանդությունների վաղ հայտնաբերման և տեսակավորման կարևորության վրա: Միջոցառման վերջին հատվածում ելույթ ունեցան մաշկավեներաբաններ ՀՀ-ից: Ներկայացվեցին մի շարք կարևոր թեմաներ թե մաշկաբանության, թե սեռավարակաբանության, թե ալերգոլոգիայի վերաբերյալ   բժշկագիտության նորությունները, առաջարկվեցին մի շարք հիվանդությունների վարման նոր մոտեցումներ:

Միջոցառումը հաջորդ օրը շարունակվեց Իբիս Երևան Սենթր հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում և նվիրված էր մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիկ ախտորոշման հիմունքներին: Ներկայացնում էր պրոֆ. Գետմանը Ռուսաստանի Դաշնությունից: Դասախոսությունն ընդհատվում էր կլինիկական դեպքերի քննարկումով, ինչն ամրապնդում էր ստացված գիտելիքները: Իսկ միջոցառման երկրորդ մասում կատարվեց բուժառուների զննում և մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նաև գործնական հմտություններ: Մասնակիցները բարձր գնահատեցին դասախոսության որակը և նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նմանատիպ միջոցառում կրկնել որոշ ժամանակ անց, գիտելիքների ամրապնդման համար: