+374 10 342710



Խլամիդիոզ

Խլամիդիոզը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիոն հիվանդություն է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համարվում է ամենատարածված սեռավարակներից մեկը: Այն հաճախ հանդիպում է գոնորեայի հետ զուգակցված: Յուրաքանչյուր տարի մոտ 131 միլիոն մարդ վարակվում է խլամիդիոզով: 
Խլամիդիոզի հարուցիչն է Chlamydia trachomatis-ը: Փոխանցվում է գերազանցապես սեռական ճանապարհով: Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: Կլինիկական նշաններն են լորձային կամ թարախային բնույթի արտադրություն միզուկից կամ հեշտոցից, քոր, որովայնի ստորին հատվածի ցավեր կանանց մոտ, միզարձակման խանգարումներ: Սակայն հիվանդների մեծամասնության մոտ կարող է ընթանալ առանց կլինիկական նշանների: Հիվանդության անախտանիշ ընթացքը բերում է ուշ ախտորոշման, որն էլ կարող է բերել մի շարք բարդությունների: Խլամիդիոզի բարդություններն են՝ տղամարդկանց մոտ խրոնիկական պրոստատիտը, մակամորձու, ամորձու, սերմնաբշտերի բորբոքումը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ սերմի որակի և պտղաբերության վրա, կանանց մոտ հանդիպող բարդություններն են փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները, անպտղությունը:
Խլամիդիոզի ախտորոշման համար գոյություն ունեն մի շարք լաբորատոր մեթոդներ, որոնք թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունը: Քանի որ մեծամասամբ դեպքերում խլամիդիոզը կարող է ընթանալ առանց կլինիկական նշանների, ախտորոշումը կարող է դրվել միայն լաբորատոր հետազոտությունների հիման վրա: Այդ պատճառով շատ կարևոր է պարբերաբար կանխարգելիչ հետազոտությունների անցկացումը, հատկապես ռսիկի խմբում գտնվող մարդկանց մոտ (անպաշտպան սեռական հարաբերություններ, մեկից ավելի զուգնըկերներ, անկանոն սեռական վարքագիծ և այլն):
Խլամիդիոզի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի, խուսափել ինքնաբուժումից, քանի որ ոչ ճիշտ հակաբիոտիկների նշանակումը կարող է առաջացնել հարուցչի կայունություն և էապես դժվարացնել բուժումը: 
Խլամիդիոզի առկայության դեպքում անհրաժետ է նաև զուգընկերների հետզոտում: 
Սեռավարակների պաշտպանվելու արդյունավետ մեթոդ է պահպանակների օգտագործումը, սակայն պետք է հիշել, որ նույնիսկ այս դեպքում հնարավոր են վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով անրաժեշտ է պարբերաբար հետազոտվել սեռավարակների կապակցությամբ: