+374 10 342710



Դերմատոսկոպիա

ԴԵՐՄԱՏՈՍԿՈՊԻԱ (ՄԱՇԿԻ ԴԻՏՈՒՄ)

Դերմատոսկոպիան (էպիլյումինեսցենտային մանրադիտում, դերմասկոպիա և այլն) մաշկի բորբոքային և ոչ բորբոքային, մելանոցիտային և ոչ մելանոցիտային, նախաուռուցքային, ուռուցքային, անոթային և բազմաթիվ այլ հիվանդությունների ախտորոշման ժամանակակից, ոչ ներխուժական, օպտիկական մեթոդ է, որը հնարավորություն է ընձեռում վիզուալիզացնել անզեն աչքով անտեսանելի ներվերնամաշկային և ներմաշկային կառույցները։

Ներկայումս մեթոդը կիրառվում է 100-ից ավելի երկրներում և մաշկավեներբանության, ուռուցքաբանության, բժշկական կոսմետոլոգիայի և մի շարք այլ բնագավառներում դարձել է կլինիկական ախտորոշման «ոսկե ստանդարտ»։

Իր բոլոր արժանիքներով հանդերձ, մեթոդի կլինիկական դերն ըմբռնելի ու համապարփակ է դառնում միայն հետազոտման և ախտորոշման այլ մեթոդների համալիրում։

Դերմատոսկոպիայի մեթոդը պաշտոնապես ներդրվել է ՀՀ-ում ՀՀ ԱՆ Մաշկաբանությանն և սեռավարակաբանության ԲԳԿ-ում 2015 թվականին (գործունեությունն արտոնված է ՀՀ ԱՆ կողմից, առկա են իրավական փաստաթղթեր` «Համապատասխանության հավաստագիր» և «Սանիտարահամաճարակաբանական եզրակացություն», աշխատանքն իրագործում են սերտիֆիկացիոն հատուկ կատարելագործում անցած դերմատովեներոլոգները)։

 Դերմատոսկոպիան իրականացվում է թվային և վիդեոդերմատոսկոպիայի ռեժիմներում, «HEINE DELTA 20+» և «Photofinder Medicam-500» տեսակի դերմատոսկոպերով: